Հայ ժողովրդական «Խումար պառկե» և «Արևը կայնե կեսօր» պարերգերի մեղեդիներն են՝ «Տկզար» անսամբլի կատարմամբ:
Հայաստանի հնագույն փողային նվագարանների «Տկզար» անսամբլը հիմնադրվել է 1982 թվականին, որի հիմքում հայկական հնագույն շնչական, այսինքն՝ փողային նվագարաններն են: Անսամբլի հիմնադիրն է ժողովրդական երաժշտության և նվագարանների գիտակ, դիրիժոր Կառլեն Միրզոյանը, որը Կոմիտասի անվան կոնսերվատորիայում ստանալով դիրիժորի եւ խմբավարի մասնագիտություն, ուսանել է նաև Տաշքենդի կոնսերվատորիայում՝ ժողովրդական նվագարանների գիտական բաժնում, ապա զբաղվել է ֆոլկլորիկ նվագարանների գիտական աշխատանքով:
«Տկզար» համույթի ստեղծման շարժառիթն էր՝ մոռացումից դուրս բերել մի շարք նվագարաններ, ընդլայնել դրանց հնչյունածավալը, կառուցել դրանց տարատեսակները, փնջել մի գունագեղ համույթ: Իր իղձը իրագործելիս մաեստրո Միրզոյանն առաջնորդվել է Կոմիտասի տեսլականով։ Սա եզակի նմուշների նվագախումբ է, քանի որ հեթանոսական շրջանից մինչև այսօր մեր ունեցած շնչական երաժշտական նվագարանի նմուշներն ընդգրկվել են «Տկզար» անսամբլի մեջ:
«Տկզար»-ի կազմում ընդգրկված են բլուլներ, սրինգներ, համշենական զուռնա, դուդուկներ, սանթուրներ, նաղարանների տարատեսակներ, պիկկոլո (փոքր) զուռնա, պարկապզուկ և պկուների քառյակ:
Անսամբլը ելույթներ է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլև Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Սիրիայում, Իրանում, Միացյալ Նահանգներում և այլուր՝ հայ և օտար հանդիսականներին ներկայացնելով կոմիտասյան գրառումներից հայտնի մեղեդիներ՝ «Կուժն առա», «Գնա, գնա», «Սարերի վրով գնաց», «Երի, երի ջան», «Խումար պառկե», «Արևը կայնե կեսօր» և այլն: